«Արմենիա վարդագույն գինին» ոսկե մեդալի է արժանացել Ֆրանսիական հեղինակավոր մրցույթում

Արմենիա Վայն Գործարանի «Արմենիա վարդագույն անապակ գինին» վարդագույն գինիների ֆրանսիական «Մոնդիալ դյու Ղոզե» հեղինակավոր մրցույթում արժանացել է ոսկե մեդալի։

Արմենիա Վայնի գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլան լրագրողներին ներկայացրեց գործարանի աշխատանքը և նշեց, որ այն հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով:«Հնարավոր չէ պատրաստել լավ գիտնի, վատ խաղողից։ Արմենիա Վայնը ստեղծել է լավագույն պայմանները սարքավորումների և տեխնիկայի հմտությունների առումով»,-  ասաց նա։

Արտադրության ղեկավար, գլխավոր գինեգործ Լորան Դյուբղոյը ևս նշեց, որ գործարանն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները, լավագույն գինու արտադրության համար։ Մասնավորապես վարդագույն գինու վերաբերյալ, նա ասաց, որ այդ գինու համար օգտագործում են հայկական լեռնաշխարհում աճող Արենի խաղողի տեսակը: «Այգիներն ընտրելն առաջին քայլն է, այնուհետև ստուգում ենք խաղողի բերքը, որ վստահ լինենք, որ խաղողն առողջ է»,- ասաց նա և նշեց, որ երրորդ անգամ խաղողի որակը ստուգվում է գործարանում՝  ընդունելուց առաջ և դրանից հետո՝ ևս մեկ անգամ։

Նա նաև նշեց, որ բացի  անհրաժեշտ սարքավորումներից, գործարանում աշխատում են   տարբեր որակավորում ստացած հմուտ գինեգործներ, որոնց աշխատանքի շնորհիվ  Արմենիա Վայն գործարանի արտադրանքը մշտապես արժանանում է տարբեր միջազգային մրցանակների և պարգևների:

Բոլոր սարքավորումներից  Լորան Դյուբղոյը  հատկապես առանձնացրեց  վարդագույն գինու արտադրության մեջ շատ մեծ նշանակություն ունեցող  ֆրանսիական Վասլին Բուշեր ընկերության մեմբրանային մամլիչը, որի առավելությունն այն է, որ այն չեզոքացնում է խաղողի շփումը թթվածնի հետ, պահպանելով խաղողի մեջ եղած բուրմունքը:  «Այն օգնում է, որ պահպանենք խաղողի լավագույն հոտը և համը»,- ասաց նա և նշեց, որ դա  ամենամեծ առավելություններից մեկն է այս գինու համար:

Ժան-Բատիստ Սուլան էլ ներկայացրեց իտալական «Բերտոլազո» ընկերության գերժամանակակից շշալցման սարքը, ժամում 6 հազար շիշ լցնելու  և ամբողջական արտադրական ցիկլի հնարավորությամբ: Յուրաքանչյուր շշալցումից առաջ ամբողջ սարքավորումը լվացվում և ստերիլիզացվում է: Ի դեպ, գործարանում հայտնեցին, որ այս շշալցման հոսքագծից, ինչպես նշել է արտադրող ընկերությունը, միայն երեք հատ կա՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Հայաստանում

«Մենք ունենք մեր սեփական լաբորատորիան, որն անում է ավելի քան 130 տեսակի տարբեր անալիզներ: Այն գինին, որն արտադրվում է այստեղ, ամբողջովին համապատասխանում է միջազգային գինու արտադրման որակի  ստանդարտներին»,- վստահեցրեց նա։

Ժան Բատիստ Սուլան կոչ արեց բոլոր հայերին հպարտանալ այս տեղական արտադրանքով և միշտ խմել միայն հայկականը։ Նա ասաց, որ վարդագույն գինին հաճելի կլինի խմել սառը վիճակում, օրինակ՝ Սևանի լճի ափին, որպես ապերետիվ:

Արմենիա Վայնի գլխավոր տնօրեն Նարինե Բադանյանը հայտնեց, որ գործարանն ուներ մրցանակներ թե՛ կարմիր, թե՛ սպիտակ գինիների մրցույթներում, բայց սա առաջին մրցանակն է  վարդագույն գինիների մրցույթում, որտեղ ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից։   Նա նշեց, որ դա իրենց հաջողվեց՝ մասնագետների, աշխատակազմի աշխատանքի շնորհիվ։ Արմենիա վարդագույն գինին վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում՝ Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ։

«Մրցակցությունը բավականին ծանր է, քանի որ միջազգային շուկաների աշխարհագրությունը մեծ է և լայն, սակայն հայկական գինին ունի իր յուրահատկությունը, որը առաջին հերթին, գալիս է մեր խաղողից»,- ասաց տիկին Բադանյանը։

Նարինե Բադանյանը նշեց, որ տեղական շուկայում վարդագույն գինու արտադրանքն աճել է 20 տոկոսով, իսկ ինչ վերաբերում  է արտահանման ծավալներին, ապա նա նշեց, որ տարեսկզբին, թեև մի փոքր անկում նկատվեց, սակայն հիմա արդեն ծավալները սկսել են վերականգնվել: Նա ավելացրեց, որ վերջերս առաջին խմբաքանակը արտահանվել է նաև Չինաստան։

(Tert.am)

Compartir