Թուրքիան չի ընդունի 1915թ. դեպքերի մասին որոշման կետով ԵՄ զեկույցը. Բոզքըր

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով  նախարար Վոլքան Բոզքըրը Անկարայի համար անթույլատրելի է համարել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստության գնահատականի շուրջ Եվրախորհրդարանի զեկույցը։ Զեկույցում  նշված է նաեւ 1915թ. դեպքերի մասին 2015թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի ընդունած որոշումը։

«Եթե զեկույցի վերջնական տեքստում այնպիսի կետեր լինեն, ինչպիսին 2015թ. ապրիլի 15-ի Եվրախորհրդարանի որոշումն է կամ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից բացառելու կոչը կամ նախքան ԵՄ-ին անդամակցելը Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելը սառեցնելը, ապա նման զեկույցը Անկարայի համար անընդունելի է»,- ասված է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին , ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին եւ Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին գրած Բոզքըրի նամակում։ Բոզքըրը եվրոպացի քաղաքական գործիչներին զգուշացրել է այն մասին, որ զեկույցը չպետք է լինի «միակողմանի», ինչը կարող է բացասաբար ազդել Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցությունների վրա։

Նշենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ էր արել առերեսվել պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ առանց նախապայմանների վավերացնել 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները եւ կատարելով դրանք՝ բացել հայ-թուրքական սահմանը։

Compartir