Արամ Ա-ն հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ. այն տեւել է մեկ ժամից ավելի

Այսօր՝ հունվարի 4-ի առավոտյան Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Ա-ն երկրի ներքին քաղաքական, անվտանգության իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խախաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում:

Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայի տարածքում, Թուրքիայի ժխտողական եւ քայքայիչ դերակատարմանը:
Արամ Ա-ն նաեւ շեշտել եւ հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով վերկանգնման գործընթաց կսկսվի բոլոր համայնքների, այդ թվում քրիստոնյա համայնքի եւ մասնավորապես` հայերի մասնակցությամբ։
Այս պաշտոնական հանդիպմանը Արամ Ա-ին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը, Սիրիայի խորհրդրանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ Ջորջ Շահինյանը, թեմի պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը եւ Ազգային վարչության ատենապետ Տիգրան Պետրոսյանը։

(News.am)

Compartir