Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Դմիտրի Մեդվեդեւին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, այնուհետեւ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձեւավորմանը: Քննարկվել են նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման եւ շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցությամբ:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ եւ այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:

ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձեւավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների միասնական սկզբունքների եւ կիրառման կանոնների արագ հաստատման կարեւորությունը, ինչը ԵԱՏՄ երկրներին դուրս կբերի այս ոլորտի ընդհանուր շուկա եւ դեղարտադրողներին կընձեռի նոր հնարավորություններ, այդ թվում՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու առումով:

Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաեւ ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի եւ դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եւ օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում:

(Armnews.am)

Compartir