Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող են ժամանակավոր համաձայնագիր կնքել, որը կբերի ազատ առևտրի գոտու ստեղծման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանի նախագահը հայտնել է իր հետաքրքրվածությունը ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքելու հարցում, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծման: Հայաստանն ակտիվ նպաստում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը»,-հայտարարել է ՀՀ նախագահը:
Նիստին Սերժ Սարգսյանը պատմել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ իր վերջին հանդիպման մասին, որի ժամանակ նրանք քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ պլանները:
«Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կենտրոնանում է տրանսպորտի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում նաև այժմ իրականացվող միջանցքի կառուցման շնորհիվ, ինչը հարթակ կստեղծի ԵԱՏՄ-ում մեր գործընկերների համար Պարսից ծոց և ապա Հնդկական օվկիանոս հարմար և անվտանգ ելքի համար»,- բացատրել է նա:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
(Tert.am)