Սերժ Սարգսյան. Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան տարածաշրջանի դերը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ շփումներն ակտիվացնելու եւ միջպետական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած Հայաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ., սակայն փոխգործակցության ներկայիս մակարդակը հեռու է ցանկալի համարվելուց: ՀՀ նախագահը եւ Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը նշել են, որ առեւտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ոսկեգործության, ադամանդագործության եւ այլն, զգալի ներուժ եւ հեռանկար կա:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների՝ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության մասին եւ կարեւորել Հայաստանի համար էական նշանակություն ունեցող հարցերում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, Հարավաֆրիկյան Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ նրա բարձր ու պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման:

Compartir