Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 3-ից 5-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ԳՀԽ անդամներին և հաջողություն մաղթեց ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովականներին` Հայոց Եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայության համար:

Ժողովն ատենապետեցին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովին քննության առնվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին-Նվիրապետական Աթոռներ հարաբերություններին, թեմերի գործունեությանը, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ծիսական-կարգապահական կյանքին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 3-ի նիստին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին և միջոցառումներին Հայ Եկեղեցու մասնակցության մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գոհունակությամբ ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամներն իրենց մասնավոր գնահատանքը հայտնեցին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի արարողությունների կազմակերպիչ հանձնախմբին:
Գերագույն հոգևոր խորհրդի նիստին իրազեկվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և սիրիահայ համայնքի խնդիրների մասին: Անդրադառնալով մինչ օրս Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և թեմական կառույցների կողմից սիրիահայությանը ցուցաբերված աջակցությանը` այդ թվում և նյութական` հաստատվեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակելու է իր զորակցությունը բերել ինչպես սիրիահայ համայնքին, այնպես և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Բելգիայում հայոց եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը` ներկայացնելով բելգիահայ ծխական համայնքների կազմավորման առնչությամբ տրված հանձնարարականների գործընթացը և դրանց արդյունքները: Այս առնչությամբ հավելյալ տեղեկություններ փոխանցեց նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց նաև եկեղեցական ժողովական կառույցներին: Քննարկումների արդյունքում ծրագրվեց առաջիկա տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել Ազգային-եկեղեցական ժողով: Այս կապակցությամբ ստեղծվեցին համապատասխան հանձնախմբեր:
Եպիսկոպոսաց ժողովի նորաստեղծ գրասենյակի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Գերագույն հոգևոր խորհրդի կողմից ուղենշվեցին գրասենյակի ապագա գործունեության շրջանակները:

Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, աղոթք արեց ՌԴ Տուլայի շրջանում, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Ժողովի ավարտին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության 16-րդ տարեդարձի առիթով` մաղթելով Նորին Սրբությանը կենաց արևշատություն և հովվապետական բեղուն գործունեություն` ի փառս Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Compartir