Վարչապետն ընդունել է Նիկոլա Ազնավուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին: Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ:

(Armradio.am)

Compartir