ՀՀ-ում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ս. թ. նոյեմբերի 8-ին ստորագրել են «Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին» համատեղ հայտարարություն:

Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը կհանդիսանա 2011-2014 թվականներին` Իտալիայի արտաքին գործերի նախարարության եւ Միլանի պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունը:

Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն կընձեռի մշակութային ժառանգության ոլորտում կազմակերպել դասընթացներ` ուղղված մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը եւ ամրակայմանը, ինչպես նաեւ կներառի մի շարք հաստատություններ եւ կազմակերպություններ, որոնց մեծ ներուժը կարող է նպաստել կենտրոնի ստեղծման ներկա եւ հետագա աշխատանքներին:

(News.am)

Compartir