Մեղրի-Բավրա ճանապարհը կարելի կլինի անցնել 4,5 ժամում. Սերժ Սարգսյանը «Հյուսիս-Հարավի» առաջին հատվածի բացմանը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մեկնել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երեւան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը: Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետեւել են նաեւ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը (ֆոտոռեպորտաժ):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային եւ հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչեւ 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաեւ արեւելքից արեւմուտք իրականացվող տրանսպորտային շարժի եւ բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

Հանրապետության համար ռազմավարական նշանակության կարեւոր այդ ճանապարհի՝ երկկողմանի երթեւեկությամբ առաջին հատվածի բացումից հետո, ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի ընթացքի եւ առաջիկա զարգացումների մասին:

(News.am)

Compartir