Բելգիայի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւ ընդունել

“Ֆլամանդյան նոր դաշինք” բելգիական կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի մասին բանաձեւը արդեն պատրաստ է։ Ներկայացուցիչների պալատում ավելի  մեծ փոխըմբռնման հասնելու նպատակով նա ներկայացրել է փաստաթուղթը, որպեսզի  այն ստորագրեն բոլոր կուսակցությունները՝ թե՛ մեծամասնություն կազմող, թե՛ ընդդիմադիր։  Այս մասին հայտնում է բելգիական La Libre պարբերականը։

«Ես ցանկանում եմ կոչ անել Թուրքիային ընդունել հիշատակի կարեւորությունը, որպեսզի հետագայում ջանքեր գործադրվեն անցյալի հետ հաշտվելու համար։ Ես հույս ունեմ, որ այս բանաձեւը լայն աջակցություն կստանա Ներկայացուցիչների պալատում»,- ասել է ֆլամանդյան պատգամավորը։

Այդուհանդերձ, ինչպես գրում է L’Avenir-ը, կանաչների ներկայացուցիչները առաջարկել են փոփոխություններ կատարե «Ֆլամանդյան նոր դաշինք» մեծամասնության ներկայացրած տեքստում, քանի որ բանաձեւի նախագիծը բացահայտորեն չի պահանջում Բելգիայի կառավարությունից ճանաչել այդ Ցեղասպանությունը։

Բանաձեւի  տեքստում նշվում է, որ 2015թ. նշանավորվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։ Դրանում նշվում է նաեւ 1998թ. Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը։ Նախագիծը կոչ է անում կառավարությանը հարգանքի տուրք մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին, մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, դատապարտել մարդկության դեմ բոլոր հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ վճռականորեն մերժել ժխտման բոլոր փորձերը։ Բանաձեւը կոչ է անում նաեւ հարգել բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների զոհերի հիշատակը, Թուրքիային կոչ անել օգտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունից։

Պետք է վերջ տալ մանր քաղաքական խաղերին։ Բելգիայի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Բանաձեւի նախագծում այդ պահանջը մշուշոտ է եւ ոչ միանշանակ, այնպես որ այն տարընկալումների առիթ է տալիս։ Հենց այդ պատճառով մենք առաջարկում ենք փոփոխություններ մտցնել տեքստում՝ նպատակ ունենալով Կառավարությանը հստակ կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է «Էկոլո» կուսակցության պատգամավոր Բենուա Հելինգսը։

Ինչպես գրում է La Libre-ն, «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության պատգմավոր Ժորժ Դալմանը կարծում է, որ մեծամասնության նախագիծը վկայում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քաղաքական համարձակության բացակայության մասին։ «Ես չեմ հասկանում, թե ինչով է զբաղվում մեծամասնությունը։ Բանաձեւի այս նախագիծը պարզ չէ, մինչդեռ հարցը հստակություն է պահանջում։ Այսօր մենք պետք է քաղաքական համարձակություն դրսեւորենք, այլ ոչ թե շաբլոն ձեւակերպումներ եւ անհասկանալի տեքստ»,- ասել է պատգամավորը։

Le Soir-ի տեղեկություններով՝ բանաձեւի տեքստը հավանաբար կներկայացվի նախքան խորհրդարանական արձակուրդները եւ հետեւաբար կդրվի հանձնաժողովի քվեարկությանը միայն խորհրդարանի աշխատանքները վերականգվելուց հետո, իսկ քվեարկությունը կկայանա կամ տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին։

Դալմանը հարցականի տակ է դնում այդ երկար ժամկետը, քանի որ նրա խոսքով՝ խնդիրը պարզ է եւ պատմաբանները վաղուց այդ կապակցությամբ հստակ կարծիք են հայտնել։ «Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Բանաձեւի տեքստի շուրջ եկող տարի քվեարկելը շոկ կառաջանցի։ Դա իմաստ չի ունենա»,- նշել է նա։ Պատգամավորն առաջարկել է տեքստը փոխել այնպես, որ խորհրդարանն ու կառավարությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ 1998թ. Բելգիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, երբ Սենատը համապատասխան բանաձեւ էր ընդունել։

Compartir