Նամակներին տրվում է «ցրողական» պատասխան. ամսվա մեջ 1 անգամ պաշտոնյաները պետք է անձամբ ընդունեն քաղաքացիներին. վարչապետի հանձնարարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարականներ տվեց նախարարներին:

Նա ասաց, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ նախարարները, մարզպետները, պետական մարմինների ղեկավարները պետք է անձամբ ընդունեն քաղաքացիների:

«Մայիսի 8-ից հետո կառավարությանը ուղված նամակների թիվը աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք այդ նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: Ես ուզում եմ խնդրել, հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետներին, անկախ պետական մարմիններին, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված ժամանակացույցով անձամբ կատարել քաղաքացիների ընդունելություն»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ դիմումները պետք է մանրակրկիտ քննարկվեն, սահմանված կարգով պատասխաններ տրվեն:

«Քաղաքացիների նամակներին ցավոք տրվում է «ցրողական» պատասխան, ստանդարտ պատասխան, որ վերահասցեագրել ենք, չենք զբաղվում այս խնդրով և այլն: Սա նախարարների անձերից չէ կախված, մի քիչ համակարգային խնդիրներ ունենք, բայց պետք է մտածենք այս ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:

Նա հորդորեց ժամկետներում պատասխանել նաև տեղեկատվություն ստանալու հայցումներին:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ հարցը կարևոր է, բայց խնդիր կա՝ քաղաքացիները նույն նամակը ուղղում են և՛ կառավարությանը, և՛ նախարարությանը:

«Երբ նախարարություն է գալիս՝ դնում ենք ժամանակացույցի մեջ, որ պատասխանենք, մեկ էլ նույն նամակը կառավարությունից գալիս է»,- ասաց ԿԳ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իսկապես աննախադեպ ծավալով նամակներ կան, որոնցից շատերը կրկնվում են, ուղղված են միանգամից մի քանի գերատեսչությունների:

ԿԳ նախարարն ասաց, որ անցյալ տարի նախարարությունում օրական 50-70 նամակ են ստացել, այս տարի՝ 300-ից 500:

(Tert.am)

Compartir