ԱԺ-ն հակված է եզդիների ցեղասպանության մասին որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը. Մախմուդյան

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի և հարգանքի տուրք մատուցել 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին:

«Այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ, դա ցեղասպանություն էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։

Խոսելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ցեղասպանություն եզրույթի ընդունման մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ասել է. «Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը և արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ գնալը, դա մեկ րոպեի կամ մեկ ժամվա գործընթաց չէ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը սկզբունքորեն դեմ չէ և հակված է 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը:

(Panorama.am)

Compartir