Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը եւ ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Այդ առաքելության իրականացման ճանապարհին Նախագահը հաջողություններ է մաղթել Ճապոնիայի նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է արձանագրվել եւ հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի այդ դինամիկան պահպանելու, բոլոր բնագավառներում հայ-ճապոնական բարեկամական կապերը խորացնելու եւ երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործին:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը եւ արդյունավետ հանդիպումները, որոնք Սերժ Սարգսյանի խոսքով, նոր խթան հանդիսացան համագործակցության երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ առաջ մղելու գործում:

Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ պահպանելու նախկին դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ժամանակաշրջանում երկկողմ միջպետական հարաբերություններում ձեռքբերված առաջընթացն ու խորացնելու փոխըմբռնմանն ուղղված շփումները եւ համագործակցությունը տնտեսության, մշակույթի ու մի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, արտաքին գերատեսչությունների միջեւ սերտ շփումները, ինչպես նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը:

Compartir