9-ամյա Անուշիկը Հայաստանի ամենափոքր աղջիկ ծրագրավորողներից է

Դիլիջանի Կենտրոնական դպրոցում սովորող 9-ամյա Անուշիկ Մելքոնյանի սերը համակարգչային խաղերի ծրագրավորման նկատմամբ առաջացել է մանկուց: Անուշիկը միշտ հետաքրքրությամբ հետեւել է համակարգչի առաջ ժամեր շարունակ աշխատող մաթեմատիկոս, ՏՏ ոլորտի մասնագետ մայրիկին` Նարինե Դանիելյանին, ինքնուրույն սկսել է հարազատների լուսանկարներով եւ երաժշտությամբ պատկերաշարեր ստեղծել:

«Հետագայում, երբ գնաց դպրոց, որտեղ առաջին դասարանից ծագրավորում են սովորում, ուսուցիչը հմտորեն կարողացավ աշակերտների մոտ ավելի մեծ սեր արթնացնել համակարգչի նկատմամբ: Աշխատում էին մի ծրագրով, որը լայն հնարավորություն է տալիս մտահղացումներն իրականացնել, ինքն ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեց ծրագրեր մշակել եւ կյանքի կոչել»,-ասում է Անուշիկի մայրը:

Աշխատելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch (Աղվես) գրաֆիկական ծրագրավորման միջավայրում` Անուշիկն ստեղծում է համակարգչային խաղեր:

Տեղեկանալով DigiCode 2015 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մասին` Անուշիկը եւ նրա մայրը շտապում են մասնակցության հայտ ներկայացնել եւ առաջադրում աղջնակի լավագույն աշխատանքը: Մրցույթի` մինչեւ 13 տարեկան տարիքային խմբի «Լավագույն խաղ» անվանակարգում Անուշիկի ստեղծած մաթեմատիկական հաշվարկ-խաղը հաղթում է:

«Խաղը մաթեմատիկական է, պետք է պատասխանեն հավասարմանը, օգտագործել եմ համադասարանցիներիս լուսանկարները, որոնց վերեւում հայտնվում է առաջադրանքը, եթե սխալ են պատասխանում, լուսանկարի աշակերտը տխրում է, եթե ճիշտ են պատասխանում, ուրախանում է, իսկ եթե չեն հասցրել պատասխանել, աշակերտը դեռ մտածում է»,-ասում է Անուշիկը` ներկայացնելով հաղթանակած համակարգչային իր խաղը:

Անուշիկը անհամբերությամբ սպասում է DigiCode 2016-ին, որին այս անգամ կներկայացնի «Կշեռք» մաթեմատիկական խաղը: Նա հույս ունի կրկին հաջողության հասնել, սակայն ավելի շատ անհանգստանում է նախընտրական փուլը հաղթահարելու մասին: Աղջիկն այժմ աշխատում է «Չորս նկար, մեկ բառ» խաղի վրա: Խաղն անգլերեն է, ներկայացված է չորս լուսանկար, դատարկ վանդակներում անհրաժեշտ է գրել ճիշտ բառը: Անուշիկը մեծահոգի է գտնվել, խաղում հուշում է բառի առաջին տառը:

Որքան էլ տարօրինակ է, Անուշիկը օրական ընդամենը 1 ժամ է անցկացնում համակարգչի առջեւ, հազիվ հասցնում է դասերն անել: Հանգստյան օրերն Անուշիկի սիրած օրերն են.  կարողանում է ավելի երկար մնալ համակարգչի առաջ եւ աշխատել իր խաղերի վրա: Մյուս օրերին հաճախում է նաեւ պարի եւ լողի դասերի:

Անուշիկն ասում է` երազանքներ չունի, միայն ցանկություններ են: Աղջիկը ցանկանում է ավելի մեծ հաջողությունների հասնել ծրագրավորման ոլորտում. ուզում է` իր ստեղծած խաղերը մի օր տեղ գտնեն Scratch-ի գլխավոր էջի լավագույն աշխատանքների ցանկում, հաճախ մասնակցել մրցույթների եւ հաղթել, դառնալ հայտնի ծրագրավորող, ուզում է ռոբոտներ ստեղծել:

9-ամյա ծրագրավորողի մայրը երազում է, որ դուստրը գերազանցությամբ ավարտի Դիլիջանի Կենտրոնական դպրոցը, եւ ընդունվի UWC Դիլիջանի պետական քոլեջ, որն ավարտելուց հետո, Նարինեի խոսքով, դստեր համար ծրագրավորման լայն ասպարեզներ կբացվեն:

Անուշիկը Ամանորին Ձմեռ Պապից պլաստիլինի հավաքածու եւ լեգո-ռոբոտ է ուզել: Իր հասակակիցներին աղջնակը հորդորում է հավատալ Ձմեռ Պապին, նրանից լավ նվերներ ստանալ եւ Ամանորն ուրախ անցկացնել, իսկ ծրագրավորողներին եւ ինքն իրեն մաղթում է նոր գաղափարներ եւ դրանց հաջող իրականացում:

(Armnews.am)

Compartir