ԼՂ-ն ընտրել է սահմանադրական այն մոդելը, որը ժողովրդավարական է՝ հիմնված նախագահի ինստիտուտի վրա. Շ. Քոչարյան

Ղարաբաղն ընտրել է սահմանադրական այն մոդելը, որը ժողովրդավարական է՝ հիմնված նախագահի ինստիտուտի վրա: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե ԼՂՀ-ի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը համեմատում են Ադրբեջանի սահմանադրության հետ, Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ղարաբաղի ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան սահմանադրական մոդելին. «Այն նման է ամերիկյանին, իսկ ադրբեջանական ու ամերիկյան մոդելները ես երբեք իրար հետ չեմ համեմատի: Ադրբեջանինը բռնապետության սահմանադրություն է, ամերիկյանը` ժողովրդավարական՝ հիմնված նախագահի ինստիտուտի վրա»:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ղարաբաղում ընտրել են այդ մոդելը, ինչի հիմնական գործոնն էլ, հնարավոր է, եղել է հենց արտաքին վտանգը:

Հիշեցնենք, որ վերջերս ԼՂՀ ԱԺ-ն հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

(Tert.am)

Compartir