Դոնալդ Թրամփի ընտրությամբ ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվի. Դավիթ Շահնազարյան

Դոնալդ Թրամփի հաղթանակով հայ-ամերիկյան քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«ԱՄՆ-ն զարգացած համակարգ է, որտեղ շատ արդյունավետ գործում են զսպման ներքին ու արտաքին հակակշիռները, ուստի մեկ անձը չի կարող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը շրջել, անգամ եթե նա նախագահն է: Կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվի: Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր, հնարավորինս օգնում է, իսկ տարածաշրջանային զարգացումների համատեքստում բավական մոտ են ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և ԱՄՆ-ի ներկայիս շահերը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ ենթադրվում է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը կարող է անգամ ակտիվանալ, որովհետև ԱՄՆ-ն կարևորում է տարածաշրջանում ՀՀ դերը: Սակայն, ակտիվացումը, ըստ Դավիթ Շահնազարյանի, պայմանավորված չի լինի Դոնալդ Թրամփի անձով:

«Անկախ նրանից՝ Թրամփը կընտրվեր, թե Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չէր փոխվի: ԱՄՆ-ն շարունակելու է հնարավորինս զարգացնել ու խորացնել ՀՀ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան Հայաստանի իշխանությունները պատրաստ կլինեն: Վաշինգտոնի դիրքորոշումը համագործակցության առումով մեկն է. նրանք պատրաստ են խորացնել, ընդլայնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, որքանով պատրաստ կլինի պաշտոնական Երևանը»,- մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը:

Իսկ հարցին, թե ինչու այս անգամ նախագահի թեկնածուները հանդես չեկան խոստումներով, ինչպես դա արեց նախկին նախագահ Բարաք Օբաման, օրինակ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ հայկական այլ հարցերի վերաբերյալ, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք արձանագրենք, որ Թրամփն էլ, Քլինթոնն էլ ազնիվ գտնվեցին: Վերջին տասնամյակներին ԱՄՆ նախագահի թեկնածուները, բացառությամբ Ջոն ՄքՔեյնի, խոստացել են, որ կճանաչեն Ցեղասպանությունը, բայց չեն արել, որովհետև պարզ է, որ այդ հարցը ամերիկյան շահերին համահունչ չէ: Մեզ համար շատ կարևոր հարց է Լեռնային Ղարաբաղը: Իսկ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն այս հարցում հստակ է. ԼՂ հարցը պետք է կարգավորվի «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևով, այն դեպքում, երբ Ռուսաստանը խոսում է բացառապես Ղարաբաղի հարակից 5 շրջանները Ադրբեջանին տալու մասին»:

Դավիթ Շահնազարյանը կրկնեց, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի շահերը համընկնում են ԱՄՆ շահերին: Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը, Շահնազարյանը գնահատեց անբավարար:

(Tert.am)

Compartir