Այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու. Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում

Նախորդ անգամ՝ 2013թ., երբ Հայաստանը նախագահում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, այս առաքելությունը կարևոր հանգրվան էր Եվրոպայի խորհրդի ընտանիքում մեր ինտեգրվելու տեսանկյունից, կարծում եմ՝ մենք այն պատվով իրականացրինք: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը, մասնավորապես, ասել է. «Վաղը հունվարի 25-ն է, այն օրը, երբ մենք 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին։ Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչն ճանապարհ ենք անցնելու: Գիտակցում էինք, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը առանց Եվրոպայի խորհրդի աջակցության և անմիջական մասնակցության դյուրին չէին լինելու:

Իսկապես քաղաքական կամքի և կառուցողական կամքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների: Այսօր հպարտությամբ կարող եմ հայտնել, որ մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ. ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգի միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրած կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի:

Սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար: Մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով և դա շարունակելու ենք: Ավելին՝ այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, և երկրորդ՝ մենք արդեն սկսելու ենք Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը:

Յուրաքանչյուր ժողովրդավարություն կենդանի օրգանիզմ է: Մեր պետականաշինության քառորդդարյա պատմությունը գնում է այդ ճանապարհով: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորվում, զարգացում: Այն չի կարող դոփել տեղում և կենսունակ լինելու համար պետք է քայլի ժամանակին համընթաց:
Հենց այս տրամաբանությամբ էլ ձեռնամուխ եղանք Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, որին Եվրոպայի խորհուրդն իր աջակցությունը հայտնեց. ապրիլ ամսին այն ավարտին կհասնի՝ Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով: ԵԽ-ին անդամակցելուց հետո մենք ականջալուր ենք եղել մեր գործընկերների թե՛ քաջալերանքին, թե քննադատությանը:

Կասկած չունեմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսն իրենց նպաստն են բերել Հայաստանի առաջընթացին: Այս ողջ ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որի փորձագիտական կարծիքի հիման վրա լրամշակվել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Փոխվստահության այս մթնոլորտում արդյունավետ աշխատանքը շարունակվում է առ այսօր, բարեփոխված Սահմանադրության ներքո բազմաթիվ նոր օրենսդրական լուծումներ կյանքի կոչելու գործընթացում: Դա լավագույնս դրսևորվեց Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, որն ընդունվեց տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ, թափանցիկ և ներառական գործընթացի արդյունքում:

Մենք անգամ դիմեցինք աննախադեպ քայլի՝ օրենքում ամրագրելով քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջ: Դա ընդունված պրակտիկա չէ, հատկապես անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից, սակայն մենք դա արեցինք ընտրությունների հանդեպ հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար:

Նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսևորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին հրավիրված մեծ թվով դիտորդական առաքելությունների թվում էր նաև այս վեհաժողովի պատվիրակությունը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ընտրական նոր օրենսգրքի շնորհիվ Ազգային ժողովում այժմ հատկացված են պարտադիր տեղեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Դա ևս մեկ քայլ է առավել մասնակցային կառավարում ապահովելու ուղղությամբ:

Այժմ բարեփոխման ընթացքում են Դատական, Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերը, Հանրաքվեի ու Սահմանադրական դատարանի մասին օրենքները։ Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատաիրավական համակարգի պայմաններում։

Այս համատեքստում մենք կարևորում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով: ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա կատարել ենք մի շարք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործել ենք իրավակիրառ պրակտիկան: Սրանք կարևոր քայլեր են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր այդ աշխատանքն աննկատ չի անցնում. ՄԻԵԴ-ի վճիռները պատշաճ և հետևողական կատարելու հարցում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների առաջատարներից մեկն է»:

Compartir