Կ.Պոլսում վերաբացվել և օծվել է Քուրուչեշմե թաղամասի հայկական եկեղեցին

Կ.Պոլսի Քուրուչեշմե թաղամասի Սուրբ Խաչի Երևման հայկական եկեղեցին, վերանորոգման ենթարկվելուց հետո, վերստին իր դռները բացել է հավատացյալների առաջ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Կ.Պոլսում հրատարակվող «Ակօս» հայկական շաբաթաթերթը:

Աղբյուրի համաձայն` դեկտեմբերի 9-ին Հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարված օծման արարողությանը ներկա են գտնվել Կ.Պոլսո հայոց պատրիարքարանին ենթակա հոգևորականներ, օծվող եկեղեցու վաքըֆի նախագահ Իրմա Փոլաթը, նրա ամուսինը` Արման Փոլաթը, տարբեր վաքըֆների ղեկավարներ և Կ.Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Օծման արարողությունից հետո ելույթ ունեցած Սահակ Մաշալյանը, շեշտելով հայ համայնքի համար մեծ նշանակություն ունեցող տեղի եկեղեցիներին տեր կանգնելու անհրաժեշտության մասին, մասնավորապես նշել է.

«Մենք պետք է բաց պահենք մեր եկեղեցիները և աղոթք անենք: Եկեղեցիները համայնքի սիրտն են. եկեղեցին երիտասարդացնում է ոչ միայն մարմինը, այլև` հոգին: Այսօր այստեղ տեսնում եմ նաև Սուրբ Խաչ դպրևանքի սաներին: Իմ մաղթանքն է, որ ամեն կիրակի երիտասարդներին տեսնեմ եկեղեցում»:

Օծման արարողությունից հետո եկեղեցու սրահում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ հնչել են նաև եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակից անձանց ուղղված շնորհակալական խոսքեր: Սահակ Մաշալյանը շնորհակալագիր է հանձնել եկեղեցու վերանորոգմանը մասնակցած Մկրտիչ Սերթշիմշեքին:

(Armradio.am)

Compartir