Հենրիխ Մխիթարյան. Երազանքս իրականացավ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Երազանքս իրականացավ: Ես շատ հպարտ եմ եւ ուրախ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ մի ակումբի, որն ինձ միշտ հիացրել է իր փառահեղ պատմությամբ եւ հրաշալի երկրպագուներով: Անհամբեր սպասում եմ աշխատանքին մարզիչի եւ իմ նոր թիմակիցների հետ»,- Ֆեյսբուքում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմյեր լիգա է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից», որի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կիսապաշտպանը կստանա 8 միլիոն եվրո բոնուս, իսկ նրա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:

Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

(Sports.news.am)

Compartir