Ցեղասպանության հանցագործը թուրք ժողովուրդը չէ, այլ միշտ ոճիր գործող, բայց չպատժվող ֆաշիստական մենթալիտետը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանում նախօրեին Կարո Փայլանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այդ միջադեպին:

«Ցեղասպանություն իրագործած հանցագործը թուրք ժողովուրդը չէ, այլ միշտ ոճիր գործող, սակայն պատասխան չտվող ֆաշիստական մենթալիտետը»,- գրել է նա:

«Մեջլիսում իմ կողմից «ցեղասպանություն» ասելը անօրինական կերպով պատժվեց։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իբր տաբուներ է ջարդում:

Մեջլիսի ամբիոնում իմ ժողովրդին պատուհասած ողբերգությանը բազմիցս ցեղասպանություն եմ ասել։ Երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սկսեց ջուր լցնել «Ազգային շարժման» ջրաղացին, ջադված տաբուները նորից ուրվականի պես ի հայտ եկան»,-գրել է Փայլանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի նախագահի հրահանգով արգելել են մասնակցել խորհրդարանական երեք նիստի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ամբիոնի մոտ ելույթ ունեցող Կարո Փայլանն իր խոսքում հիշեցրել է 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցող ցեղասպանության մասին, ինչը խոստ վրդովեցրել է իշխող կուսակցության պատգամավորներին։

Փայլանը շարունակել է, թե մյուսներն ինչպես կուզեն թող ասեն, սակայն ինքն այդ ամենին ցեղասպանություն է անվանում, քանի որ բնակչության 40 տոկոսն են կազմել հայերը, իսկ հիմա հազարից մեկն են դարձել։

Ելույթից հետո խորհրդարանի մյուս երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ որպես պատիժ Կարո Փայլանը երեք նիստի չի մասնակցի։

(News.am)

Compartir