Մահացել է Քըրք Քըրքորյանը

Երկուշաբթի երեկոյան մահացել է ամերիկահայ գործարար, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը։ Այս մասին հաղորդում է USA Today–ը` հղում անելով MGM Resorts International–ին։

Լաս Վեգասի հսկան, որը մեծ դեր է խաղացել խաղատների քաղաքի կայացման գործում եւ տարիներ շարունակ ֆինանսական մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, 98 տարեկան էր։

«Նա մեծ մարդ էր, հրաշալի բիզնեսմեն, նորարար, մեր ժամանակների ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ֆինանսիստներից մեկը»,– իր հայտարարությունում ասել է MGM Resorts International–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մյուրենը։

Լեգենդար բիզնեսմենը «Ֆորբսի» գնահատականով աշխարհի 393–րդ ամենահարուստ մարդն էր, որի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար։

Քըրք Քըրքորյանը (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) ծնվել է 1917 թ. 19–րդ դարի վերջին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։ Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոարտադրությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետեր։

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Քըրքորյանը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, եւ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

2004թ. հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն` Հայաստանի ազգային հերոսի կոչում։

1943 թ. Քըրքորյանն ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955թ. ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանն ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսիին, և որդեգրել ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։

Compartir