Թուրքիայում պետականացրել են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թեեւ Դիարբեքիրի Սուրի շրջանում դեռեւս շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, Թուրքիայի նախարարների խորհուրդը շտապ կարգով Սուրի շրջանում գտնվող շինությունները պետականացնելու որոշում է կայացրել։

Աբսուրդն այն է, որ պետականացված շինությունների շարքում է հայտնվել վերջին տարիներին հայերի հանգանակությամբ վերանորոգված ու վերաբացված Սուրբ Կիրակոս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, Սուրբ Սարգիս եկեղեցին, ասորական սուրբ Աստվածածին եկեղեցին։

Խնդրի հետ կապված Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթային ժառանգության վարչության պետ Նեւին Սոյլուքայան նշել է, որ կառավարությունը պետականացրել է ինչպես հայկական ու այլ ազգային փոքրամասնություններին պատկանող գույքը, այնպես էլ Դիարբեքիրի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող շինություններ։

Նա պնդել է, թե այս անօրինական որոշման դեմ հայերը պետք է դատական հայցեր ներկայացնեն։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

(News.am)

Compartir