Երևանում տեղի ունեցավ կրոնական հանդուրժողականության թեմայով լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը

Այսօր տեղի ունեցավ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակներում պատրաստված մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն-Էլզինգան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ դեսպան Ադրիան Փալմը, դեսպաններ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Մրցանակաբաշխությանը ելույթով հանդես եկավ դեսպան Ադրիան Փալմը, ով ասաց, որ շատ հեշտ է գրել այն նյութերի վերաբերյալ, որոնք մարդիկ ցանկանում են լսել, բայց ճշմարտությունն ասելն ու պատմության երկու կողմն ասելը դժվար է.«Առանց ձեզ՝ լրագրողներիդ աշխարհը նվազ հանդուրժողական կլիներ»:

Առաջին մրցանակն ստացավ «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Առուստամյանը, երկրորդ մրցանակը ստացավ «Գավառ» հեռուստաընկերության լրագրող Տիգրան Հովհաննիսյանը, երրորդ մրցանակին արժանացավ «Անկախ» թերթի լրագրող Հայկուհի Բարսեղյանը:

Բացի այդ, ժյուրիի անդամները սահմանել էին նաև հատուկ մրցանակներ «Կրոնական հարցերի շարունակական և համարձակ լուսաբանման համար», որոնց արժանացան լրագրող Սառա Խոջոյանն ու «Մեդիալաբի» լրագրող Ռոզա Հովհաննիսյանը։ Ծաղրանկարների համար մրցանակ ստացավ նաև «Մեդիալաբը»:

Մրցույթին մասնակից մի քանի սկսնակ լրագրողներն ստացան խրախուսական մրցանակներ:

(Tert.am)

Compartir