Սերժ Սարգսյանն ընդունել է Էմիր Կուստուրիցային

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, hանդիպման սկզբում անվանի մտավորականը ՀՀ նախագահին նվիրել է այս տարի լույս ընծայված իր պատմվածքների ժողովածուն՝ վերնագրված «Հարյուր տառապանք»: Էմիր Կուստուրիցան նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, նաեւ այն ժողովուրդների համար, ովքեր պատմության ընթացքում նմանատիպ արհավիրքների միջով են անցել: Այսօր երեկոյան Երեւանում անցկացվելիք համերգը հանրահայտ երաժիշտն իր եւ իր գլխավորած խմբի փոքրիկ ներդրումն է համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ, որը, նրա խոսքով, խորհրդանշում է նաեւ հույսը դեպի ավելի լավ ապագա:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է անվանի կինոռեժիսորին, նշելով, որ նրա այցելությունը, անկասկած, կարեւոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, եւ հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ է ընդունում Էմիր Կուստուրիցային ու համամարդկային արժեքներ դավանող նրա արվեստը: Հայ եւ սերբ ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը, Նախագահի խոսքով, Էմիր Կուստուրիցայի կինոարվեստն առավել հաղորդակից է դարձնում հայ արվեստասերներին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2010թ. աշխարհահռչակ կինոռեժիսորի հետ ունեցած իր նախորդ հանդիպումը եւ մշտապես ուրախ կլինի հյուրընկալել նրան մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել անվանի մտավորականին՝ հայ ժողովրդի եւ նրա պատմության ու մշակույթի նկատմամբ ունեցած նման ընդգծված հարգալից վերաբերմունքի համար եւ նաեւ այն նախաձեռնության՝ հիշատակի համերգի, որ այսօր երեկոյան նախատեսված է Երեւանում:

Compartir