ՏԻՄ ընտրություններ. հունիսի 7-ին տասնյակ համայնքներ կընտրեն համայնքապետներ

Առաջիկա կիրակի անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդդիմությունը թեկնածուների մասնակցության առումով ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս պասիվ է:

Հունիսի 7-ին հանրապետության 32 համայնքներում անցկացվելիք ընտրություններից 18-ում տեղի են ունենալու համայնքապետների ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ 2 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 18 ընտրատեղամասերում համայնքապետի համար առաջադրված 33 թեկնածուներից 17-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, 13 անկուսակցական թեկնածուներից երկուսին` վարչապետի որդի Արգամ Աբրահամյանին (Արտաշատ) և Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանին (Ալավերդի) առաջադրել է նույն Հանրապետական կուսակցությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանը ընդդիմության պասիվությունը բացատրեց ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ.

«ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար նախևառաջ պետք է ընտրագրավ մուծել, համայնքներում շտաբներ և գրասենյակներ բացելու համար նույնպես ֆինանսական ռեսուրսներ են պետք, իհարկե անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող իշխանությունը կարող է իրեն թույլ տալ նման ծախսեր, սակայն ընդդիմությունը այդ հնարավորությունները չունի»:

Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Մնացականյանն իր հերթին հակադարձեց, ասելով, որ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը ֆինանսական աջակցություն այնքան էլ չի ցուցաբերում, քանի որ սովորաբար տեղական ընտրություններում հաղթողը հեղինակություն վայելող անձ է.

«Համայնքներում ղեկավար պաշտոն է զբաղեցնում այն մարդը, ով որոշակի վարկանիշ ունի իր ընտրազանգվածի մոտ, վայելում է նրա հարգանքն ու վստահությունը, ուստի այդ դեպքում ֆինանսական օժանդակությունը չի կարող լուրջ դեր խաղալ ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց նա:

Խոսելով ընտրությունների հանդեպ ունեցած քաղաքացիների հետաքրքրության մասին` Մուրադյանը նշեց, որ հատկապես համայնքներում իրենց այցելությունների ժամանակ պատկերն այնքան էլ սփոփիչ չէր:

«Այնտեղ համատարած հուսահատություն է տիրում, մարդիկ անտարբեր են ընտրությունների հանդեպ, նախօրոք կանխագուշակելով, որ հաղթելու է իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն»,- ասաց Մուրադյանը, հավելելով, որ անգամ որոշ համայնքների գյուղապետներ, լինելով ՀՀԿ կուսակցության անդամներ, իրենք էին դժգոհում տիրող իրավիճակից:

Վերջին շրջանում Հայաստանի ընդդիմությունն անիմաստ և ռեսուրսների վատնում է համարում ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, մինչդեռ իշխող կուսակցությունը գտնում է, որ այդ ընտրությունները մեկնարկային քայլ են համապետական ընտրություններում հաջողության հասնելու ճանապարհին, և սովորաբար մեղադրում է ընդդիմադիրներին ընտրություններին չմասնակցելու համար:

Compartir