Սերժ Սարգսյանը երթեւեկել է մետրոյով՝ «Մարշալ Բաղրամյանից» «Զորավար Անդրանիկ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաեւ մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին եւ երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները:

Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման եւ արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ:

Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի եւ մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղեւորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առեւտրի կենտրոն:

(News.am)

Compartir