Հայաստանի խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարությունը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին 91 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:

Նշենք, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԱԺ 4 խմբակցությունները հանդես են գալիս որպես նախագծի հեղինակներ:

Նախքան քվեակությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ առաջարկներ է արել, որոնք կարծես թե չեն ընդունվել հեղինակների կողմից. «Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք, ներառելով նաեւ քրիստոնյաներին եւ սուննի մահմեդականներին», – կոչ արեց նա:

Նախօրեին հայտարարության նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել էր, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երեւույթների դրսեւորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

Compartir