Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձեւի նախագիծը

Գերմանիայի Բունդեսթագն այսօր ձայների գերիշխող մեծամասնությամբ  ընդունեց Հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձեւի նախագիծը, որում 1915-ի իրադարձություններն ամենաուղղակի կերպով բնորոշվում են որպես Ցեղասպանություն: Մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձեռնպահ: Այսօր մեկ ժամից ավելի տեւած քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքներով Բունդեսթագի պատգամավորները շուրջ 100 տոկոսով կողմ քվեարկեցին նոր բանաձեւի նախագծին: Սա իշխող կոալիցիոն եռյակի եւ ընդդիմադիր կանաչների եւ ձախերի համատեղ բանաձեւն է, որի մշակմանը նախորդել են խիստ աղմկահարույց քննարկումներ:

Նիստին ներկա էին նաեւ Գերմանիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանությունների ներկայացուցիչներ: Հարցի քննարկմանը մեկնարկ տալով` Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նախ շեշտեց` սա դատարան չէ, եւ պատմական հանձնաժողով չէ: Մենք` գերմանացիներս, մեր պատմության մութ էջերից երեւի ավելին գիտենք, քան շատ այլոք, եւ դա պետք է խոստովանենք, որքան էլ ցավոտ լինի: Դրա համար պետք է ազնիվ եւ ինքնաքննադատական մոտեցում ցուցաբերել: Սա հետագա համատեղ աշխատանքի համար խիստ կարեւոր է համապատասխանատվության ընդունումը կարեւոր է:

«Այսօրվա թուրքական իշխանությունը մեղավոր չէ արվածի համար, սակայն կրում է պատասխանատվություն 100 տարի առաջ կատարվածի համար: Այս քննարկմանը զուգահեռ` բողոքի ակցիաներ են ու ցույցեր: Մենք ամեն քննադատություն ի գիտություն ենք ընդունում: Բայց անընդունելի են Բունդեսթագում ազատ կարծքիքի արտահայտումը սահմանափակելու փորձերը: Մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը, սա փաստ է»,-շեշտել է Լամմերթը:

Հիշեցնենք, որ Բունդեսթագը 1915-ին կատարված իրադարձությունների հարցով հատուկ բանաձեւ ընդունել էր նաեւ 2005-ին: Դրանում, սակայն, բոլոր դատապարտումներով հանդերձ, չի կիրառվում կոնկրետ Ցեղասպանություն եզրույթը` այն փոխարինելով ջարդեր, կոտորածներ բառերով: Իսկ նոր նախագծի թե վերնագիրը, թե տեքստը պարունակում են կոնկրետ բնորոշումը` Ցեղասպանություն:

Բունդեսթագի հաստատած փաստաթղթում շեշտվում է` 1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության ժամանակ ծրագրված եւ իրագործված ավելի քան 1 մլն հայերի ջարդերն ու ոչնչացումը, էթնիկ զտումները ոչ այլ ինչ էին, քան Ցեղասպանություն: Այս հայերի ճակատագիրը կոնկրետ Ցեղասպանության օրինակ է, որով բնորոշվում է 20-րդ դարը: Այս իրադարձությունները Հոլոքոստի հետ  ընդհանրություններ ունեն:

«1915 եւ 16 թվականներին հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ Ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» բանաձեւով Բունդեսթագն ընդունում է գերմանական իշխանության մեղսակցությունը, որը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, միանշանակ տեղյակ լինելով ծրագրվածի մասին, չի փորձել կանխել մարդկության դեմ կատարված հանցագործությունը: «Այսպիսով` Գերմանիայի Բունդեսթագի կողմից հիշատակի այս արարողությունը նաեւ առանձնահատուկ հարգանքի տուրքի է  ամենահին քրիստոնյա ազգի հանդեպ: Գերմանիան պարտավորվում է վերանայել կրթական ծրագրերում այս իրադարձությունների ներկայացման ձեւը, նպաստել, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում նոր հիմնաքար դրվի` սեփական փորձից հասկանալով հանդերձ, թե դա ինչ դժվարություններ է ենթադրում: Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակներում Գերմանիան իր հատուկ պարտավորությունն է համարում նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի նաեւ կայունությանը տարածաշրջանում: Սա ենթադրում է նաեւ ֆինանսական միջոցների տրամադրում` երկու կողմերում գիտական, հասարակական, տնտեսական համատեղ ծրագրերի իրագործման համար», ասվում է բանաձեւի տեքստում:

Հայոց ցեղասպանության թեման երկրի կառավարության օրակարգ բերելը վերջին օրերին հայկական, թուրքական եւ արեւմտյան մամուլի էջերից չի իջնում: Թուրքիայի իշխանությունն ամենաբարձր մակարդակով զգուշացրել էր Մերկելի կառավարությանը` կողմ չքվեարկել նոր բանաձեւին ու այդպիսով վտանգի տակ չդնել թուրք-գերմանական դաշնակցային հարաբերությունները:

Բանաձեւի նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է, որ այս իրադարձությունների` Ցեղասպանություն լինելու մասին փաստում են բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարանականներ եւ միջազգային կազմակերպություններ:

Բանաձեւի քվեարկության նախորդած ելույթներից եւ ոչ մեկով կասկածի տակ չառնվեց Ցեղասպանության փաստը: Բանաձեւին կողմ էին արտահայտվում իշխող կոալիցիոն եռյակից անգամ այն պատգամավորները, ովքեր նախորդ քննարկումների ժամանակ դեմ էին արտահայտվում` պատճառաբանելով, թե  դեռ դրա ժամանակ չէ, եւ թե Գերմանիան այժմ պատրաստ չէ վտանգել իր հարաբերությունները փուրքիայի հետ:
Ռոլֆ Մյութցենիխ` Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր: «Սա թուլության նշան չէ, այլ վստահության եւ գործընկերության նոր ազդակ: Մենք այսօր ուզում ենք տեսնել մի ուժեղ Թուրքիայի, որը հաշվի է նստում իր պատմության մութ գլխի հետ»:

Ձախերից Գրեգոր Գըզի`   «Քրդերի, եզդիների, սիրիացի փախստականների եւ հենց սեփական ժողովրդի իրավունքների ոտնահարումները այս երկրում շարունակվում են: Միայն պատմական արդարությունը վերականգնելով կարող ենք խոսել առաջընթացի մասին»:

Ֆրանց Յոզեֆ Յունգ` CDU /CSU «Մենք ոչ միայն ընդունում ենք, որ սա Ցեղասպանություն էր, այլեւ, որ մենք համապատասխանատվություն ենք կրում: Երիտթուրքական իշխանությունների մեղքն այսօրվա Թուրքիայի անելիքներից հստակ պետք է տարանջատենք: Այսօրվա Թուրքիան մեր գլխավոր գործընկերներից մեկն է, որի հետ ընդհանուր շատ ծրագրեր ունենք, եւ հենց այս պատճառով է հատկապես կարեւոր ճիշտ նկարագրել անցյալի իրողությունները` ավելի ճիշտ ապագա կառուցելու համար: Գիտնականների համար կրթաթոշակներ, ֆինանսական միջոցներ ենք պահանջում տրամադրել` համատեղ հայ-թուրքական գիտական աշխատանքների համար: Գիտական վերամշակման եւ հետազոտության համար պատմական նոր հանձնաժողով պետք է ստեղծվի, որը կնպաստի սահմաննեի բացմանը»:

Կանաչների կուսակցություն` Ջեմ Օզդեմիր

«Շնորհակալություն կոալիցիային, որ իրենց խոսքը պահեցին ու աշխատեցին միասնական բնաաձեւի վրա: Մեր թուրք ընկերներին ասում ենք` սա մատ ցույց տալու նշան չէ սա, սա բարոյական կշռադատումների հարց է: Այս ցեղասպանությունը սպասում է իր հերթին, որ ճիշտ ներկայացվի ու մշակվի պատմության էջերում: Մենք բարձր հարգանք ենք արտահայտում այն թուրքերի հանդեպ, ովքեր ստացել են հրամանը, բայց չեն կատարել:

Նաեւ իմ չերքեզ ծնողների պատմությունն է սպասում Ցեղասպանություն կոչվելուն: Ինչն է ամենացավալին,` մինչ այսօր Թուրքիայում հայ անվանելը անարգանք է: Ես դեմ չեմ, որ ինձ հայ անվանեն, ես ինձ դրանից անարգված չեմ զգում: Ավելին, արդյոք տուն գնալիս ես այսօր չեմ սպանվի, չեմ ծեծվի, չեմ կարող ասել: Իմ սպանված ընկեր Հրանտ Դինքի օրինակն է դրա մասին խոսում»:
Քրիստոֆ Բերգներ` CDU /CSU` Քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալական միություններ. «Այս եզրույթն իրավաբանական ձեւակերպում չէ, բացի այդ` մենք այն օգտագործում ենք` ճիշտ նկարագրելու ողբերգության էությունը: Բացի այդ` մեր մեղսակցությունը ցույց տալու համար միանշանակ ձեւակերպում է պետք»:

Դիթմար Նիթան` սոցիալ դեմոկրատներից. «Ցեղասպանությունը մնում է Ցեղասպանություն, եւ մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առջեւ: Թույլ տվեք` ձեր սիրտը խոսի, երբ կքվեարկեք: Խնդրում եմ` մի հավատացեք ամեն ինչին, ինչ մեր դասագրքերում է գրված, ինչ կասվի հենց այստեղ` Բունդեսթագում: Երբ Ցեղասպանությունը բառն արտաբերեք, մի կարծեք, թե դա վիրավորում է Թուրքիային: Դա անհրաժեշտ է, ու առաջին հերթին մեր դեմոկրատիայի ավելի ուժեղ լինելու մասին է խոսում»:

Ալբերտ Վայլեր` CDU /CSU` Քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալական միություններ. «Գերմանիան ոչ մի դեպքում չպետք է բացառություն լինի ճանաչողներից: Ոչ մի կասկած չկա` ինչ էր դա, ով էր զոհն ու ով` մեղավորը: Բայց մինչ օրս անարդարությունը կա: Մենք դժվար ճանապարհ ենք պատրաստում, երբ նաեւ մեր մեղսակցության մասին ենք խոսում: Բայց սա հետագա այլ Ցեղասպանություններ կանխելու ճանապարհն է: Ցավը ժամանակի սահմաններ  չի ճանաչում, Հայոց ցեղասպանությունը պատմության արխիվներ չի գնում: Եւ միայն ճանաչումն է հաշտեցում ու թեթեւացում ենթադրում: Մենք սրանով նաեւ քաջալերում ենք Թուրքիային` անել առաջին քաջ քայլը եւ նոր հարաբերություններ կառուցել հայերի հետ: Խելացի թուրքերն էլ են այդ մասին խոսում: Խաղաղ դրացիություն, համատեղ ապագա, սա ենք մենք ցանկանում ունենալ մեր ճանաչմամբ»:

(Armradio.am)

Compartir