Նախագահական նստավայրում Ձմեռ պապը նվերներ բաժանեց 300 աշակերտի

Երեւանի հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300 աշակերտ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մասնակցել է նախագահական նստավայրում կազմակերպված Ամանորի միջոցառմանը (ֆոտոռեպորտաժ):

Երեխաներին նախագահական նստավայրում դիմավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հեքիաթների հերոսները, որոնց հետ նրանք պարեցին, խաղեր խաղացին: Երեխաների համար նաեւ հյուրասիրություն էր կազմակերպվել: Միջոցառման ավարտին երեխաները Ձմեռ պապուց գրքեր ստացան՝ որպես ամանորյա նվեր:

«Ընտրվել են այն բոլոր երեխաները, որոնք մասնակցել են առարկայական օլիմպիադաներին՝ մասնավորապես «Արջուկ», «Մեղու», «Կենգուրու», եւ հաղթող են ճանաչվել այս մրցաշարերում: Բոլոր ծնողները մեծ ոգեւորությամբ, անհանգստությամբ սպասում էին՝ արդյոք կընտրվեն իրենց երեխաները, թե ոչ»,- լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Առաջիկա օրերին նախագահական նստավայրում կհյուրընկալվեն նաեւ ՀՀ ԶՈՒ զինծառայողների, երկրապահ կամավորական միության անդամների, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ ու թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ: Կհյուրընկալվեն նաեւ սահամանամերձ համայնքների երեխաներ, սահմանափակ կարողություններով եւ սիրիահայ երեխաներ:

(News.am)

Compartir