Սերժ Սարգսյան. Նոր խթան կհաղորդվի Հայաստանի եւ Իտալիայի քաղաքական երկխոսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսեւորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձեւավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Իտալիայի քաղաքական երկխոսությանը եւ կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:

ՀՀ Նախագահը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

(News.am)

Compartir