Հայաստանը ակտիվացնելու է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը

Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Կոտ-դ’Իվուարի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մորիս Բանդամանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։

Հանդիպմանը նախարարներն անդրադարձան քաղաքական եւ մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարեւորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ։

(News.am)

Compartir