Սարգսյան- Ալիեւ հանդիպումը. քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։

ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:

Բեռնում հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:

(Armradio.am)

Compartir