Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումն օգտակար էր, առաջընթաց չէր սպասվում. Շարմազանով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ Ալիեւը նախորդ օրը Ադրբեջանի նախագահն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց , կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն: Եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը: Առանց ԼՂՀ ամբողջական մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարկությունը, ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կա երկու տարբերակ` կամ պետք է դուռը շրխկացնելով փակել կամ գնալ բանակցությունների. «Կամ պետք է դուռը շրխկացնելով փակել, որն ընդունելի չէ, կամ էլ բանակցությունների պետք է գնանք: Մեզ համար այժմ ամենակարեւորը խաղաղության պահպանումն է: Այս պահին Սարգսյան-Ալիեւ հանդիպումն իր խնդիրը լուծել է, հարաբերական անդորր է սահմանին»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: http://news.am/arm/news/333122.html Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահները վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, նաեւ համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:

(News.am)

Compartir