Վերլուծություն. Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովում հանդես է եկել «բազմավեկտոր համագործակցության» օգտին

(Armenia Now) «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռիգայում գտնվող Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին «Արևելյան գործընկերության» երկրների Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով:

Իր խոսում նա նշել է, որ եվրոպական օրակարգը մնում է Հայաստանի արտաքին քաղաքակության առաջնահերթություններից, և Երևանը հանձնառու է ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ընդ որում, նա կոչ է արել հանգեցնել դա ոչ թե առճակատման և բաժանարար գծերի, այլ հաշվի առնել իրական իրավիճակը: Եթե փակագծերը բացելու լինենք, ապա Սերժ Սարգսյանը կոչ է արել եվրոպական նախագծերում հաշվի առնել Ռուսաստանի շահերը:

Նախագահ Սարգսյանը կարծում է, որ թեև «Արևելյան գործընկերություն» հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն նախագիծը չի սպառել իրեն, պարզապես պետք է անցնել ավելի իրատեսական մոտեցումների: Նա ողջունել է այն, որ «Դեպի նոր եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգի հիմքում դրված են հենց գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և անհատական մոտեցում ցուցաբելու սկզբունքը:

«Արևելյան գործընկերության» երկրների միջև փորձաքար եղավ ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցը: Հայաստանը և Բելառուսը հրաժարվեցին ուկրաինական Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կողմից բռնակցումը դատապարտելուց` հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Հայաստանը և Բելառուսը չեն բացառում, որ չեն ստորագրի փաստաթուղթը` հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքի խոսքը:

Չի բացառվում, որ Ղրիմի հարցին կնվիրվի գագաթնաժողովի մասնակիցների առանձին հայտարարությունը այն դեպքում, երբ ընդհանուր փաստաթղթում կընդգրկվի ընդհանուր ձևակերպում` պահանջելով հարգել ազգային ինքնիշխանությունը և տարածքային միասնությունը` գրել է «Դոյչե Վելլեն»:

Փաստորեն, սատարելով Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, Հայաստանը կարող է հասնել այն բանին, որ «Արևելյան գործընկերությունն» ընդունի առանձին փաստաթուղթ, որը կպաշտպանի երկրների տարածքային ամբողջականությունը և չի հիշատակի ինքնորոշման իրավունքի մասին: Այդ փաստաթուղթը, բնականաբար, կվերաբերի ոչ միայն Ղրիմին, այլև Ղարաբաղին, որի ինքնորոշումը պաշտպանում է Հայաստանը:

Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի նախագահները, անշուշտ, գիտեին, որ ստիպված են լինելու ստորագրել մի փաստաթուղթ, որում կլինեն «հակառուսական» կետեր: Հավանաբար, հենց այդ պատճառով Լուկաշենկոն և Ալիևը Ռիգա չմեկնեցին: Իսկ ահա Սերժ Սարգսյանը, հավանաբար, որոշեց մեկնել` ցուցադրաբար չստորագրելով հակառուսական տարրերով փաստաթուղթ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկելով Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձևի դեմ` պաշտոնական Երևանը դա բացատրեց նրանով, որ Հայաստանն ունի Ղարաբաղի ինքնորոշման խնդիր չի կարող դատապարտել Ղրիմում ինքնորոշման մասին հանրաքվեն:

«Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա: Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Compartir