Էլեկտրաէներգիան կթանկանա. Ռոբերտ Նազարյանը հաստատեց

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ նշելով, որ դեռ հայտնի չէ, թե ինչքանով կթանկանա էլեկտրաէներգիան:

Նազարյանը հայտնեց, որ ՀԷՑ-ի հայտն ուսումնասիրել են, ամենայն հավանականությամբ մեկ շաբաթից իրենց դիրքորոշումը կհայտնեն:

«Մի բան հստակ կարող եմ ասել՝ ՀԷՑ-ի հայտում շքեղության որեւէ տարր սակագնում իր արտացոլումը չի գտել»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ինչքանով կբարձրանա սակագինը, Նազարյանը հստակ որեւէ բան չասաց՝ նշելով միայն, որ կան մի քանի բաղադրիչներ, որոնք ակնառու են դարձնում թանկացումը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

Compartir