Թուրք պրոֆեսոր. Ամենասարսափելին ոչ թե տառապանքն է, այլ հիշողության ոչնչացումը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ամերիկյան Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքի Հյուսիս-արեւմտյան համալսարանում «Ժխտում եւ հիշողություն» թեմայով համաժողովի շրջանակում չորս տարբեր համալսարանների պրոֆեսորներ ցեղասպանության ժխտման հարցի շուրջ քննարկում են կազմակերպել: Այս մասին գրում է The Daily Northwestern-ը:

Համաժողովի նախաձեռնողը Ժամանակակից թուրքական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Իփեք Յոսմաօղլուն էր: «Բռնության ժխտումը շատ ավելի լուրջ բան է: Ամենից սարսափելին ոչ թե տառապանքն է, այլ այդ հիշողության ոչնչացումը»,- նշել է թուրք պրոֆեսորը:

Ավստրիական Գրաց քաղաքի համալսարանի պրոֆեսոր Քերեմ Օքթեմն էլ բարձրացրել է հիշողության համեմատության եւ ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության –խտման գաղափարի հարցերը: «Ժխտման կողմնակիցները զրկվում են հիմքերից»,- ընդգծել է Քերեմ Օքթեմը:

Քննարկմանը ներկա գտնված Էվանսթոնի բնակչուհի Բարբարա Լիոնսն իր հերթին նշել է, որ հայկական մշակույթի ոչնչացումը ցնցել է իրեն: «Նրանք ոչ միայն ազատվեցին հայերից: Նրանք ցանկանում էին ազատվել նաեւ նրանց՝ այնտեղ գտնվելու մասին հիշողությունից»,- հավելել է Բարբարա Լիոնսը:

(News.am)

Compartir