Հուլիսի 1-ից ՀՀ բնակիչների համար գազը 6 տոկոսով կէժանանա

2016-ի հուլիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը կնվազի: Այս մասին  համապատասխան որոշումը կայացվել է այսօր՝ մայիսի 31-ին ՀԾԿՀ նիստում:

1 խ/մ-ի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը կվճարի 146.7 դրամ: Սակագինը մոտ 6 տոկոսով կնվազի:

Ամսական ավելի քան 10 հազար խ/մ գազ սպառող բաժանորդները կվճարեն հազար խ/մ-ի դիմաց 257.6 դոլար նախկին 276.98-ի փոխարեն:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Ռուսաստանը Հայաստանի համար սահմանին գազի գինը 165 դոլարի փոխարեն սահմանեց 150 դոլար:

Սակագինը կազմվել է հետեւյալ հաշվարկով:

Գազի անխուսափելի կորուստը գնահատվում է 6.69 տոկոս, այդ թվում՝ մագիստրալի համակարգում՝ 4.64 տոկոս, իսկ վերջնական սպառողին մատակարարելիս՝ 2.05 տոկոս: Անձնական կարիքների համար ծախսերը գնահատվում են 0.56 տոկոս: Շահագործման ծախսերն ընկերությունում հայտարարագրել են 32.6 մլրդ դրամ, սակայն հանձնաժողովն առաջարկել է դրանք մեծացնել մինչեւ 34.0 մլրդ դրամ:

Դրանցից աշխատավարձի ֆոնդը կկազմի 15.75 մլրդ դրամ: Ընկերությունում աշխատում է մոտ 5800 մարդ, նրանց միջին աշխատավարձը գնահատվում է 227 հազար դրամ:

8.9 մլրդ դրամ հանձնաժողովն առաջարկում է համակարգի կապիտալ վերանորոգման եւ պահպանման համար: Նյութական ծախսերը կկազմեն 4.36 մլրդ դրամ: Այլ ծախսեր՝ 4.9 մլրդ դրամ:

Գործուղումների ծախսերը կկազմեն 55.5 մլն դրամ:

(News.am)

Compartir