Սահմանադրական բարեփոխումներ. ՍԴ նախագահի խոսքով` հանձնաժողովը հավանություն է տվել փոփոխությունների հայեցակարգին

Հայաստանում 20 տարի գործող Սահմանադրության փոփոխության հարցը, ըստ իշխանությունների՝ շարունակում է արդիական մնալ, իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նոր հայեցակարգին:

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանն ուրբաթ հրավիրված ասուլիսում, ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախօրեին կայացած նիստի արդյունքները, տեղեկացրեց, որ հանձնաժողովն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի առաջին մասի մշակումը, իսկ նախագիծը հանրությանը կներկայացվի այս ամսվա վերջին:

«Գերագույն խնդիրն իրավունքի գերակայության խնդիրն է և մարդակենտրոն Սահմանադրություն ունենալը: Գերագույն խնդիր էր դրված նաև այն, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված: Դրա համար անհրաժեշտ էր մանրակրկիտ աշխատանք, այդ աշխատանքներն արդեն արվել են և ներկայացվել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծել է փորձագետների խումբ, որոնց հետ քննարկումներ են արվում»,- հայտարարեց ՍԴ նախագահը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն հայտնել է իր եզրակացությունը քննարկված բաժինների վերաբերյալ, ըստ որի՝ հանձնաժողովը հետևողական է իրականացրել հայեցակարգում դրված խնդիրները, ընդհանուր առմամբ համաձայն են, բայց որոշ նկատառումներ ունեն, որոնք պետք է քննարկվեն:

Ըստ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են, քանի որ ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Սահմանադրության զարգացման էվոլյուցիան սահմանափակվել է, և եթե բարեփոխումներ չարվեն, ապա Սահմանադրությունը կլճանա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի այն մտահոգությանը, թե սահմանադրական փոփոխությունները նպաստելու են երկրում իշխանությունների վերարտադրությանը, Հարությունյանը պատասխանեց, որ եթե գործող իշխանությունը ցանկություն ունենա վերարտադրության, ապա կարող է և ավելի հեշտ կվերարտադրվի այսօրվա Սահմանադրությամբ, քան փոփոխվելու դեպքում:

ՍԴ նախագահն ասաց, որ կուսակցությունների հետ մինչ այս պահը քննարկումներ չեն եղել, քանի որ հանձնաժողովի անդամները դեռ պատրաստ չեն եղել, և որոշել են, որ հունիսի առաջին կեսին կկազմակերպեն քննարկումներ բոլոր այն 14 կուսակցությունների հետ, ովքեր իրենց դիտարկումներն են ներկայացրել հայեցակարգի վերաբերյալ:

«Երկու հանդիպում եղել է Հայ հեղափոխական դաշնակցության և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մանրամասնորեն քննարկվել են նրանց ներկայացրած փաթեթները: Հանդիպում ենք ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ, նրանք որոշ վերապահումներ են ունեցել, ասելով, որ կմասնակցեն միայն կառավարման համակարգին, մարդու իրավունքներին վերաբերող գլուխների բովանդակային քննարկմանը: Սա առաջին հանդիպման արդյունքն էր, թե ինչպիսի՛ն կլինի վերջնական որոշումը` տեղյակ չենք»,-ասաց Հարությունյանը՝ ձեռնպահ մնալով նշել Սահմանադրության նախագծի հարցով հանրաքվե անցկացնելու ժամկետների մասին, ասելով, որ աշնանն իրենք իրենց մասով ավարտած կլինեն աշխատանքները, սակայն դրանից հետո դեռ պետք է այն ներկայացվի նաև նախագահին:

Ավելի վաղ խոսվում էր, որ հանրաքվեն կարող է անցկացվել այս աշնանը կամ 2016 թ. սկզբին:

Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը, նախորդ տարվա ամռանից քննարկվելով մարզպետարաններում ու թաղապետարաններում, հոկտեմբերի 15-ին ներկայացվել էր ՀՀ նախագահին, ով արդեն մարտին խորհրդակցություններ էր անցկացրել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բացառությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, որն ի սկզբանե հայտարարել էր, որ կտրականապես դեմ է այս փոփոխություններին:

Compartir