Հզոր պայթյուն՝ Ստամբուլում. կա առնվազն 10 զոհ

Ստամբուլում այսօր իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 15-ը վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլի նահանգապետի մամուլի ծառայությանը: Թուրքական «Ռադիկալ» թերթի տվյալներով, զոհվածներից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են, հաղորդվում է, որ 10-րդը մահապարտ-ահաբեկիչն է, որը ռումբը գործի է դրել զբոսաշրջիկների խմբի կողքին: Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը հայտնել է, որ հաղորդված տեղեկությունները դեռևս ճշտվում են: «Դեռևս վաղ է խոսել զոհվածների քաղաքացիության մասին», Ռիա-նովոստիին ասել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Միաժամանակ այսօր հրդեհ է բռնկվել Ստամբուլի Մալտեպե հյուրանոցում: Այրվում են շենքի վերին հարկերը: Մարդիկ տարհանվում են շենքից: Մալտեպե շրջանի ղեկավարը Թվիթերում գրառում է կատարել, հայտնելով, որ այրվող հյուրանոցից հաջողվել է փրկել 20 մարդու և տեղադրել է լուսանկար դեպքի վայրից: Կապ ունի հրդեհը Ստամբուլում այսօր իրականացված արյունալի ահաբեկչության հետ, հայտնի չէ:

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանով զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Զոհերի թվում հնարավոր է  լինեն Գերմանիայի քաղաքացիներ: Տուժածները տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին: Ինչպես հայտնում է Հյուրիեթ պարբերականը, ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Պայթյունը որոտացել է զբոսաշրջիկների խմբի հարևանությամբ: Այս պահին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակ, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, ժամանել են շտապ օգնության և հրշեջ մեքենաներ: ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Sky News հեռուստաընկերությանը, գրում է, որ զոհվել է երկու մարդ, մինչդեռ CNN Turk-ը հաղորդել է 6 զոհի մասին: Reuters գործակալությանը ականատեսները պատմել են, որ պայթյունի վայրում՝ Այա-Սոֆյա տաճարի մոտ կան մարդկանց մարմինների հատվածներ: Նախնական տվյալներով, ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը, տուժել են հիմնականում զբոսաշրջիկներ:

(Armradio.am)

Compartir