ԼՂՀ. Անկախության հռչակման հուշերը 25 տարիների հեռվից

25 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական շարժումը նոր փուլ մտավ: Չնայած կար 1988 թվականի փետրվարի 20-ի մարզխորհրդի եւ 1989 թվականի ԼՂ Ազգային խորհրդի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի միավորման մասին որոշումը Ստեփանակերտում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Արցախյան ազատամարտում կանանց ջոկատի հրամանատար Վարդուհի Գեւորգյանը պատմական նստաշրջանի քարտուղարն էր: Բոլոր ելույթներից առանձնացնում է շահումյանցի պատգամավորների խոսքը, երբ շրջանի գլխին կուտակված ամպերի մասին էին գուժում։

Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը սեպտեմբերի երկուսի գլխավոր ձեռքբերումներից մեկը Շահումյանի եւ Գետաշենի հետ միասնական սահմաններում հռչակելն է համարում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր էլ նույն մարտահրավերների առջեւ է կանգնած, կա ճանաչման, անվտանգության, սահմանների անձեռնմխելիության խնդիր ու կա նպատակ՝ կառուցել մի երկիր, որտեղ անխռով կապրեն սերունդները:

Այսօր ավագները ցավով խոստովանում են, որ շատ բան կիսատ են թողել, բայց հպարտությամբ են խոսում երիտասարդ սերնդի մասին. հանրապետության հռչակման տոնի նախօրյակին ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագրերով պարգեւատրվածների մի մասը նրանք են, ովքեր ապրիլյան պատերազմում ապացուցեցին ԼՂՀ գոյության իրավունքը:

Երեկ ԼՂՀ նախագահի նստավայրում պարգեւատրման հանդիսավոր արարողությունն էր, իսկ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հիշատակի, խոնարհում եւ հպարտության երթը երկու հայկական հանրապետությունների նախագահների առաջնորդությամբ ձգվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ստեփանակերտում այսօր բացվել է «Հայկական դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որտեղ ՀՀ Կենտրոնական բանկը Արտաշեսյան հարստության երկու հազարամյակի պատմություն ունեցող դրամների կողքին նաեւ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրամները։ Այսօր դրանք շրջանառու չեն, բայց ցուցահանդեսին մեկ այլ պետական խորհրդանիշի՝ նամականիշների միջազգային գործածությունը խոսում է նրա մասին, որ ԼՂՀ ճանաչմանը զուգընթաց դրանք կարող են հանդես գալ որպես վճարման միջոց։

Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ հռչակմանը նվիրված նամականիշների մարման արարողություն տեղի ունեցավ։ Արցախյան նամականիշների հավաքածուն հարստացավ եւս երկուսով:

Այս պահին Արցախի մայրաքաղաքում , չնայած մռայլ աշնանային եղանակին, տոնական համերգի նախապատրաստություններ են ընթանում:

(Armradio.am)

Compartir