Ամերիկահայերը բողոքել են Լապշինի արտահանձնման դեմ

Վաշինգթոնի եւ Նյու Յորքի հայերը Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ ակցիաներ են անցկացրել՝ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին անհապաղ եւ անվերապահորեն ազատելու պահանջով:

Բողոքի ակցիաները հունվարի 29-ին կազմակերպել են Վաշինգթոնում եւ Նյու Յորքում ANCA-ի գրասենյակները: Բելառուսի դեսպանատների մոտ համանման ակցիաներ են անցկացվում ամբողջ աշխարհում:

Ներկայումս Լապշինին Ադրբեջան արտահանձնում է սպասում այն պատճառով, որ նա չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել՝ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու, եւ այն բանից հետո, երբ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմը

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ եւ անկախ Լեռնային Ղարաբաղ այցելող լրագրողներին եւ մարդկանց լռել ստիպելու ցանկացած փորձ»,- ասել է ANCA-ի արեւելյան գրասենյակի նախագահ Սթիվ Մեսրոպյանը:

«Ադրբեջանը եւ Բելառուսը Եվրոպայի վերջին բռնապետություններից երկուսն են, մեզ համար բացարձակապես անընդունելի է մարդու իրավունքների խախտումների եւ Արցախի ժողովրդավարական հանրապետությանը աջակցություն հայտնելու մասին լրագրողներին լռել ստիպելը: ԱՄՆ իշխանություններին կոչ ենք անում այս հարցում ուժեղ դիրք գրավել՝ ի նշան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համերաշխության»,-ասել է նա:

«Մենք այսօր այստեղ ենք հավաքվել ի նշան պարոն Լապշինի եւ հարյուրավոր այլ լրագրողների հետ համերաշխության, որոնց նախագահ Ալիեւի բռնապետական ռեժիմը հարկադրում է լռել: Լրատվամիջոցների ազատությունը ցանկացած ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Ադրբեջանի կառավարությունը հույս ունի Լապշինի արտահանձնմամբ վերջ տալ Արցախում իրադարձությունների ապագա ազատ եւ անխոչընդոտ լուսաբանմանը, որը վտանգավոր նախադեպ է, եւ մենք այն ուղղակի անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի նախագահ Արամ Թրամբլյանը:

(News.am)

Compartir