Հայաստանը քուվեյթցի ներդրողների եւ զբոսաշրջիկների համար դառնում է ավելի հետաքրքրական. Ուալիդ Ալ-Խուբեյզի

Հայաստանը քուվեյթցի ներդրողների եւ զբոսաշրջիկների համար դառնում է ավելի հետաքրքրական: Այս մասին, հունվարի 31-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Քուվեյթի Պետության արտգործնախարարի՝ Եվրոպայի հարցերով օգնական Ուալիդ Ալ-Խուբեյզին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով հայ-քուվեյթական հարաբերություններին` Ուալիդ Ալ-Խուբեյզին նշեց, որ դրանց դինամիկ զարգացումը եւ բարձր մակարդակը համագործակցության առավել խորացման եւ սերտացման փայլուն ապագա են կանխորոշում: Նախարարի օգնականը, մասնավորապես, նշեց, որ հայ-քուվեյթյան գործարար եւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը ակնառու է, իսկ Հայաստանն էլ քուվեյթցի ներդրողների եւ զբոսաշրջիկների համար դառնում է ավելի հետաքրքրական:

Իր խոսքում դեսպան Բադեյանը ընդգծեց Քուվեյթի եւ Հայաստանի միջեւ արտոնագրային ռեժիմի վերացման եւ ուղիղ օդային հաղորդակցության կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձավ տեխնոլոգիական, գործարար, մշակութային եւ այլ ոլորտներում կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Կողմերը երկուստեք կարեւորեցին երկու բարեկամ երկրների միջեւ փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի խորացմանն ուղղված համատեղ քայլերի առավել ակտիվացումը:

(News.am)

Compartir