Համացանցում ազատության առումով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018թ.-ի զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի երկրների՝ համացանցային ազատության ցուցիչները:

Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում, և յուրաքանչյուր երկրին տրված է միավոր. որքան ցածր է ընդհանուր միավորը, այնքան բարձր է տվյալ երկրի ազատության ցուցիչը:

Միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Անցած տարվա ամփոփիչ տվյալներով՝ Հայաստանը Գամբիայից հետո ամենամեծ առաջընթացը գրանցած երկիրն է, որը նախորդ տարվա 45-ի փոխարեն 27 միավորով «մասամբ ազատից» դարձել է «ազատ»:

Ինչպես նշվում է զեկույցում՝ Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ժամանակ երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով քաղաքացիները հաջողությամբ օգտագործել են սոցցանցերը, համացանցային հարթակներն ու ուղիղ եթերի ծառայությունները:

Հարևան Թուրքիան (66/100) և Իրանը (85/100) համարվել են «ոչ ազատ», Ադրբեջանը՝ «մասամբ ազատ» (60/100), իսկ Վրաստանը` «ազատ» (25/100):

(Tert.am)

Compartir