Հայաստանը փորձում է զարգացնել կինոարտադրությունը

Հայաստանը փորձում է զարգացնել կինոարտադրությունը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւ անդամակցելով կինոարտադրությունը զարգացնող միջազգային ֆոնդերին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այս ոլորտում հաջողությունները մենք կամփոփենք 2016թ. սկզբին: Սակայն արդեն տարեսկզբին մենք ունեցանք ֆիլմեր, որոնցից առանց պետական աջակցության է նկարահանվել «1915» ֆիլմը, նաեւ պետական աջակցությամբ՝ Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը, նաեւ այլ ֆիլմեր»,-ասաց նախարարը՝ նշելով, որ պետական աջակցությամբ այս պահին  նկարահանվել եւ նկարահանվում է 5 խաղարկային ֆիլմ, 12 վավերագրական եւ 1 անիմացիոն ֆիլմ:

Նախարարի խոսքով՝ այս տարի մեծ նշանակություն է ունենալու «Ոսկե Ծիրան» փառատոնը, որտեղ մեծ տեղ է հատկացվելու  Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությանը։

Կարեւոր նախաձեռնությունների շարքում Հասմիկ Պողոսյանն առաձնացրեց նաեւ գրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը, որի նկարահանումները տեղի են ունենալու Նյու Յորքում եւ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ նշելով, որ Դովլաթովի մասին զուգահեռաբար ֆիլմ է նկարահանում նաեւ նրա ընտանիքը։

Compartir